Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է.
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը և ոլորտային պատասխանատուներն այցելեցին Զորակ բնակավայր, որտեղ ավարտին են մոտենում բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի կառուցման աշխատանքները։
Համայնքի ղեկավարը տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, քննարկեց ավարտական փուլին առնչվող կազմակերպչական հարցերը և տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ապահովելու ծրագրի լիարժեք և ժամանակին իրականացումը։
Մասիս համայնքի Զորակ բնակավայրում ներդրվող և փորձարկվող բազմաֆունկցիոնալ հանրային տարածքում մատուցվող ծառայությունները միտված են համայնքի տարբեր խմբերի՝ ներառյալ խոցելի և տեղահանված անձանց, համախմբմանը՝ ապահովելով փոխըմբռնման, մշակութային փոխանակման և կայուն երկխոսության ներառական միջավայր։
Տարածքը միաժամանակ ծառայելու է որպես հարթակ համայնքի բնակիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների միջև շփումների ակտիվացման, փոխվստահության ամրապնդման և համայնքային կապերի խորացման համար։ Այն հնարավորություն է ընձեռելու իրականացնել բազմաբնույթ կրթական, մշակութային, սոցիալ-հոգեբանական և մասնակցային կառավարման նախաձեռնություններ՝ նպաստելով ոչ միայն ինտեգրմանը, այլև տեղական ինքնակառավարման գործընթացներում բնակիչների ներգրավվածության բարձրացմանը։
Ծրագիրն իրականացվում է Մասիսի համայնքապետարան-ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ։
