news-details
Արարատի Մարզ

Անզեն աչքով երևում է՝ Կարմիր սարի հանքը շահագործեն, մարդկանց առողջությանը վնաս են տալու. Դանիելյան

Կարմիր սարի հանքը ուզում են շահագործեն, բայց անզեն աչքով երևում է՝ բնությանը և մարդու առողջությանը վնաս են հասցնելու: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը երեկ ներկա էր Վեդի համայնքում այդ հարցի շուրջ հրավիրված ավագանու նիստին: Նա նշեց` շատ զարմացած է, որ ավագանին  «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ին տվեց շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն անելու իրավունք։

«Էնտեղ էնդեմիկ տեսակի բուսականություն կա, որոնք հատուկ պահպանության տակ են: Մի տարի առաջ նույն ընկերությանը մերժել էին ՇՄԱԳ փորձաքննության թույլտվությունը տալ, որովհետև ակնհայտ էր՝ բնությանը վնաս են հասցնելու, բայց զարմանալիոերն այս անգամ տվեցին: Հիմա իրենք խոստանում են, որ սարի ներքևի հատվածում ծառեր են տնկելու, բայց հանքի ամբողջ հողն ու փոշին իջնելու է էդ ծառերի վրա»:

Գառնիկ Դանիելյանը նաև նշեց, որ հանքը շահագործելու ցանկություն հայտնած ընկերությունը խոստացել է, որ ջրագիծ կանցկացնի, պոմպ կդնի, բայց մեծ ծախսերի հարց կա, դժվար է հավատալ, որ խոստումը կկատարեն:

«Վեդի համայնքը վնաս է կրելու: Դեռ ԽՍՀՄ շրջանում հաշվարկել են հանքի պաշարները և որոշվել է չշահագործել այն: Իսկ հիմա նորմալ հաշվարկ չկա, պարզ չէ՝ ինչքան ներդրում պիտի անեն, որ ֆիլտրեր դնեն, ջուրը չաղտոտվի: Ուղղակի համայնքին խոստանում են ներդրումներ ու աշխատատեղեր: Բայց մարդկանց առողջությունն ավելի կարևոր է, գիտենք՝ հիվանդացության աճ ունենք, հարցը պետք է երկարաժամկետ կտրվածքով դիտարկել»:

Պատգամավորն ընդգծեց՝ ինքը դեմ չէ աշխատատեղերի ստեղծմանը, բայց մարդու կյանքն ավելի թանկ է:

Նյութի աղբյուր՝ https://24news.am/nerkin-kyank/471630/