Արտաշատի տարածաշրջանի Շահումյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել և փակել ճանապարհը՝ ընդդեմ «Գազպրոմի»։
Ակցիայի մասնակիցները, որոնց թվում են ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») որդին՝ Վիլիկը, և նրա համագյուղացիները, պահանջում են առանց նախապայմանի վերաբացել կապարակնքված 18 գազալցակայանները։
Այս գազալցակայանները փակվել են այն պատճառով, որ Վիլիկ Կարապետյանը մեղադրվում է գազագողության մեջ։
Դեռևս անցած տարվանից ընթացող քրեական գործի շրջանակներում նա տուգանվել է 1 միլիարդ դրամից ավելի գումարով, որի մի մասը մուծել է, իսկ մնացած մասով առայժմ պարտք է տուժող ճանաչված «Գազպրոմին»։
Չնայած ընթացող քրեական գործին՝ բնակիչները պահանջում են աշխատեցնել կայանները, քանի որ դրանց փակման հետևանքով շուրջ 400 հոգի (400 ընտանիք) զրկվել է աշխատանքից ու ապրուստի միջոցից։
Ակցիայի մասնակիցները դիմում են երկրի ղեկավարությանը՝ բարձրացնելով «Պարոն վարչապետ, խնդրում ենք աջակցել» գրությամբ պաստառներ և նշելով, որ անկախ քրեական գործի առկայությունից՝ պետք է ընդառաջել ժողովրդին, որպեսզի մարդիկ սոված չմնան։
Տեսանյութը `Սյուզի Բադոյանի