news-details
Արարատի Մարզ

Դիմիտրով բնակավայրում վերաբացվել է մանկապարտեզը․ բացման արարողությանը ներկա է գտնվել համայնքի ղեկավարը. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատ համայնքի Դիմիտրով բնակավայրում շուրջ 7 տարվա ընդմիջումից հետո իր դռներն է բացել հիմնանորոգված մանկապարտեզը։

Մանկապարտեզի բացման արարողությանն այսօր ներկա գտնվեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Դիմիտրովի վարչական ղեկավար Ահարոն Հակոբյանը, ծնողներ։

Պարոն Մկրտչյանը շնորհավորեց բնակավայրի հատկապես փոքրիկ բնակիչներին՝ նշելով, որ նախադպրոցական կրթական ոլորտն իր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է և արվում է ամեն ինչ, որպեսզի համայնքի ողջ տարածքում հիմնանորոգվեն ու կառուցվեն մանկապարտեզներ` երեխաների դաստիարակությունն ու կրթությունը լիարժեք իրականացնելու համար։

Մանկապարտեզի տնօրեն Հերիքնազ Գալստյանն իր երախտագիտությունը հայտնեց համայնքի ղեկավարին և պատկան մարմիններին՝ մանկապարտեզի հիմնանորոգման համար։

Առայժմ 1 խմբով գործող պարտեզը իր հարկի տակ է ընդունել 30 փոքրիկների, ովքեր մանկական թոթով լեզվով իրենց ուրախությունը հայտնեցին, նաև խոստացան՝ ապագայում լավ մարդ ու քաղաքացի դառնալ և շարունակել շատ են սիրել հարազատ համայնքը։

Պարոն Մկրտչյանին իրենց երախտագիտությունը հայտնեցին բոլոր ծնողները։

Համայնքի ղեկավարը նաև շրջեց մանկապարտեզում, եղավ խմբասենյակում, ննջասենյակում , խոհանոցում։

Նշենք, որ մանկապարտեզը վերանորոգվել է համայնքային բյուջեից հատկացված միջոցներով, առաջիկայում այստեղ կբացվի նաև երկրորդ խումբը և կծառայի ինչպես Դիմիտրով, այնպես էլ հարակից բնակավայրերի փոքրիկներին։