«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել է Արարատի մարզ, որտեղ մարզի տարբեր համայնքներում, այդ թվում՝ Մասիսում, Արտաշատում, Վեդիում և կից բնակավայրերում հանդիպումներ է ունեցել տեղի բնակիչների հետ։
Այս հանդիպումների ընթացքում ԲՀԿ առաջնորդը հանդես է եկել ծավալուն ելույթներով՝ անդրադառնալով երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական լրջագույն մարտահրավերներին։
Նա իր խոսքում սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ տնտեսությունը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի գործիք, և զգուշացրել է, որ ավանդական շուկաներից ու ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու քայլերը կարող են կանգնեցնել երկիրը տնտեսական կոլապսի առջև, քանի որ մոտակա տասը տարիներին իրական այլընտրանքներ չեն լինելու։
Գագիկ Ծառուկյանը հատուկ ուշադրություն է դարձրել Արարատի մարզի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին՝ խոստանալով հետևողական լինել գյուղատնտեսության աջակցության, ոռոգման ջրի անխափան մատակարարման, վարկային բեռի թեթևացման և մարզային ենթակառուցվածքների զարգացման հարցերում։