Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2025 թվականի վերջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Նիստին մասնակցել են մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտավազդ Նազարեթյանը, համայնքների ղեկավարները, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաներ։
Նիստին ներկայացվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը․ շեշտադրվել է, որ 2026 թվականի սուբվենցիոն հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվելու է մարտի 1-ը։
Մարզի ղեկավարը կարևորել է սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Ս․ Թևոնյանը առանձնացրել է իրականացվող ծրագրերի որակի բարձր պահանջը՝ որպես համայնքների զարգացման առանցքային նախապայման։
Նիստի ընթացքում ներկայացվել են 2025 թվականի 11 ամիսների համայնքների բյուջետային եկամուտների կատարման ցուցանիշները, քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ինչպես նաև իրավական ոլորտներին վերաբերող մի շարք այլ հարցեր։
Նիստի ավարտին մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը․ «Անցնող տարում մենք աշխատել ենք միասին՝ նույն նպատակով և նույն պատասխանատվությամբ։
Մեր նախաձեռնությունների հետևում կանգնած է երկրի և մեր բնակչության շահը, ու միայն միասնական, հետևողական աշխատանքով կարող ենք ապահովել այն զարգացումը, որին ձգտում ենք։ Շնորհակալ եմ ձեր նվիրումի, ստեղծած արդյունքների համար։ Թող առաջիկա տարին լինի ավելի արդյունավետ, ավելի կառուցողական և ավելի վստահ քայլերի տարի մեր մարզի ու մեր պետության համար»։
Ավելին՝ http://ararat.mtad.am/news/item/2025/12/05/marzxorhurd/


