news-details
Արարատի Մարզ

Նոր Խարբերդում էլեկտրասյան տակ խմելու ջրի խողովակը վնասվել ու 6 ամիս է՝ ջուրը ողողել է մի քանի փողոցներ. «Վեոլիա ջուրն» էլ բավարարվել է «չիվի» խփելով. կա վտանգ, որ մարդիկ հնարավոր է հոսանքահարվեն

 Արդեն տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի 22 փողոցից դեպի 33 փողոց խմելու ջրի խողովակի վնասման պատճառով մի քանի տներ հայտնվել են անհարմար իրավիճակում։

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«4, 5 նույնիսկ 6 ամիս է՝ ինչ էս մեր փողոցում խմելու ջուրը ջրախողովակի վնասման պատճառով դուրս է գալիս, ու ամեն անգամ ահազանգում ենք «Վեոլիա ջուր», խոստանում են, որ կգան և թերությունը կվերացնեն, բայց այդ ամենը օդ է դուրս գալիս։

2 անգամ միայն «Վեոլիա ջրից» եկել են, վնասված խողովակի վրա փայտե «չիվի» են խփել ու այդքանով իրենց գործը համարել ավարտված։

Էլ «Վեոլիա ջրից» հույս չունենք, դրանք դարձել են մեր աչքի փուշը։

Ուզում ենք խնդրանքով դիմենք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանին և «ՀԷՑ»ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, քանի որ վնասված ջրի խողովակը բետոնե էլեկտրասյան տակ է, իսկ այդ հատվածից էլ ջուրը դուրս է գալիս, ու էլեկտրասյան վրա էլ տեղադրված են բնակիչների տների էլեկտրահաշվիչները ու եթե փորձես ստուգել, թե ինչքան հոսանք ես ծախսել, չի բացառվում՝ «տոկը տա»»։