news-details
Արարատի Մարզ

Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» քանդակը՝ հանրային քննարկումների կենտրոնում

Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում օրերս տեղադրվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը։

Արձանը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել համացանցում՝ առաջացնելով տարաբնույթ քննարկումներ և քննադատություններ։ Քննադատողների մի մասը կարծիք է հայտնել, թե քանդակում Պարույր Սևակի կերպարը չի արտացոլվում իրականին համապատասխան։

Aysor.am-ի հետ զրույցում քանդակագործը հայտնել է, որ քաջատեղյակ է հնչող գնահատականներին և հավելել է, որ վերջին օրերին բազմաթիվ զանգեր է ստացել՝ ստիպված լինելով բացատրել ստեղծագործության գաղափարական հիմքը

։ Նրա խոսքով՝ քանդակը նպատակ չունի ներկայացնել Պարույր Սևակին որպես արտաքին դիմանկար։ «Սա գաղափարական կոմպոզիցիա է՝ «Անլռելի զանգակատուն» խորագրով։ Քննադատությունները վերաբերում են մանրամասների՝ ձեռքերի կամ քթի չափերին, սակայն նման մոտեցումը սխալ է։ Արվեստում նման ձևակերպումները թույլատրելի են»,– նշել է քանդակագործը՝ հիշեցնելով նաև նախկինում այլ արձանների շուրջ ծավալված աղմկահարույց քննարկումները, որոնք, նրա համոզմամբ, ժամանակի ընթացքում մարում են, իսկ արվեստի գործը մնում։

Լևոն Թոքմաջյանի խոսքով՝ արվեստի ստեղծագործությունները չեն կարող միանգամից ընկալվել և պահանջում են ժամանակ։

Նա ընդգծել է, որ քանդակում փորձել է արտահայտել ոչ թե Սևակի արտաքին նմանությունը, այլ նրա ներաշխարհը, հոգեբանական վիճակը, ընդվզումն ու պայքարը ժամանակի ու իրականության հետ։

Քանդակում Սևակը ներկայացված է՝ կարծես խորհելով սեփական ճակատագրի մասին։

Անդրադառնալով մասնագիտական շրջանակների արձագանքին՝ քանդակագործը նշել է, որ ստեղծագործությունը քննարկման առարկա չի դարձրել գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ քանդակը իր կողմից կատարված նվիրատվություն է դպրոցին, որի վրա աշխատել է շուրջ երկու տարի։

Թոքմաջյանը հավելել է, որ քննադատությունները համարում է սահմանափակ շրջանակի արձագանք և շարունակելու է ստեղծագործել՝ անկախ տարբեր գնահատականներից։