news-details
Արարատի Մարզ

Սարսափելի դեպք Սուրենավանում. 4 մոխրացած մարմին են գտել այրված «Nissan»-ում

Այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ փրկարարական վարչության օրվա պատասխանատու Գարիկ Չամուրյանի և հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Զավեն Պողոսյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները, մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 4 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ։

 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։