news-details
Արարատի Մարզ

Տղաներ ուներ, բայց մենակ էր ապրում, հիվանդ չէր․ մանրամասներ` Այգեստանի ողբերգական հրդեհից

Հունվարի 12-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ Oragir.News -ը զրուցել է գյուղի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանի հետ։

Վարչական ղեկավարի խոսքով՝ այս պահին հրդեհի առաջացման պատճառների մասին հստակ տեղեկություններ չկան, և դեպքի հանգամանքները պարզվում են իրավապահ մարմինների կողմից։

«Դեռևս ոչ մի հստակ տեղեկություն չկա։ Օրինապահ մարմիններն են զբաղվում, դատաբժշկական եզրակացություն այս պահին դեռ չկա»,- նշել է Արգիշտի Վարդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով զոհվածը գյուղի բնակիչ է եղել, միայնակ է ապրել, սակայն սոցիալապես ծայրահեղ անապահով չի եղել և առողջական խնդիրներ, հատկապես հիշողության կորուստ չի ունեցել:

«Նորմալ, գիտակից մարդ էր, աշխատող։ Ընտանիք ունեցել է, ունի երկու որդի, ընտանիքն առանձին է ապրել»,- ասել է վարչական ղեկավարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այգեստան գյուղում վագոն-տնակում հրդեհ է բռնկվել. մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին։