news-details
Արարատի Մարզ

Ավտովթար Արարատի մարզում․ 40-ամյա վարորդը Տիգրանաշենի ոլորաններում «Renault»  մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ս․-ն իր վարած «Renault» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Կարապետյանը և Ավետիս Խաչատրյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել ավազով և կողաշրջման հետևանքով ավազը մասամբ թափվել է։