Արտաշատի համայնքապետարանը հայտնում է, որ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Արտաշես և Սաթենիկ» ներկայացման առաջնախաղը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև թատերասերներ մասնակցեցին ներկայացմանը։
Ներկայացումը նվիրված է պատմական Արտաշատի հիմնադիր Արտաշես արքայի սիրո պատմությանը և առանձնանում է գեղագիտական նուրբ լուծումներով ու խորքային վերլուծությամբ։

Բեմադրությունը միաժամանակ հղում է վեհանձնության, միասնականության և խաղաղության արժեքներին։
Թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը կարևորեց նման ներկայացման առկայությունը Արտաշատի թատրոնի խաղացանկում՝ շնորհակալություն հայտնելով ստեղծագործական կազմին, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությյանը, Արտաշատ համայնքի ղեկավարին և համայնքապետարանին՝ ցուցաբերած աջակցության համար։
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ներկայացումը գնահատեց որպես կարևոր մշակութային իրադարձություն՝ ընդգծելով Արտաշատում մշակույթի հանդեպ առկա մեծ հետաքրքրությունն ու սերը։
Ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է պատմական Արտաշատ՝ բացահայտելով դարերի խորքից եկող զգացմունքների ուժն ու մարդկային արժեքների հավերժականությունը։
Շքեղ բեմական լուծումները, հուզականորեն հագեցած տեսարաններն ու դերասանական արտահայտիչ խաղը ստեղծում են ամբողջական և ազդեցիկ մթնոլորտ՝ լեցուն նրբազգաց երանգներով։ Արտաշեսի և Սաթենիկի դերերում հանդես եկող Հայկ Սարգսյանի, Աննա Մկրտչյանի, ինչպես նաև մյուս դերակատարների խաղը տպավորիչ էր և արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին։
Ներկայացման բեմադրիչը Սամսոն Մովսեսյանն է, պիեսի հեղինակը՝ Նարեկ Մանուչարյանը։
Այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի և արտաշատցի վաստակավոր գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի ուղեկցությամբ այցելեց նաև քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն։
Կենտրոնի մեծ դահլիճի երկու հիմնական պատերը զարդարված են վարպետի՝ անմիջապես պատերին կատարված ստեղծագործություններով։ Փոխնախարարին ներկայացվեց նաև, որ դեռևս 1992 թվականին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը անձամբ է այցելել կենտրոն, և այսօր էլ դահլիճի պատերից մեկը զարդարում է լեգենդի ինքնագիրը։