Արտաշատի համայնքապետարանը հայտնում է.
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հյուրընկալել է Նորաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի վոլեյբոլի թիմի աշակերտներին, դպրոցի տնօրեն Աննա Ազատյանին և թիմի մարզիչ Վարդան Հովսեփյանին։
Հանդիպման առիթը թիմի նշանակալի հաջողությունն էր․ Նորաշենի դպրոցականները Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլում զբաղեցրել են պատվավոր երկրորդ հորիզոնականը՝ արժանապատվորեն ներկայացնելով իրենց դպրոցն ու համայնքը։
Շնորհավորելով աշակերտներին և մարզչին՝ համայնքի ղեկավարը բարձր է գնահատել նրանց միասնականությունն ու հաղթելու կամքը՝ ընդգծելով, որ նման ձեռքբերումները համայնքի հպարտությունն են։ Պարոն Մկրտչյանը նաև հորդորել է աշակերտներին շարունակել համատեղել սպորտն ու կրթությունը, լավ սովորել, հարստանալ գիտելիքներով և ձևավորվել որպես մեր պետության գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ։
Հանդիպման ավարտին պարոն Մկրտչյանը մարզիչ Վարդան Հովսեփյանին շնորհակալագիր է հանձնել՝ թիմի հաջողությունների գործում ունեցած մեծ ավանդի համար, իսկ աշակերտները ստացել են խրախուսական նվերներ։

