Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մշտական շրջայցերը շինհրապարակներ շարունակվում են՝ նպատակ ունենալով ծանոթանալ համայնքում իրականացվող բարեկարգման ծրագրերի ընթացքին։
Աշխատանքային հերթական այցի շրջանակում, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և շինարարությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ համայնքի ղեկավարը եղել է Իսակովի 74 և 76 շենքերի բակերի խաղահրապարակի և Արարատյան փողոցի պուրակի շինհրապարակներում, դիտարկել ընթացող աշխատանքները։
Իսակովի 74 և 76 շենքերի բակերում կառուցվող խաղահրապարկի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, այժմ ընթանում են շրջակա հեծանվային ուղու ասֆալտապատման աշխատանքները։ Նախկին անբարեկարգ, աղբավայրի վերածված տարածքն արդեն իսկ անճանաչելիորեն փոխվել է, խաղահրապարակը նախատեսված է մեծերի և փոքրերի համար՝ զրուցարաններով, կանաչ գոտիներով, խաղասարքերով և մարզասարքերով։
Ակտիվ ընթանում են նաև Արարատյան պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ համայնքի ղեկավարը դիտարկել է լուսավորության հենասյունների տեղադրման աշխատանքները։
Պարոն Մկրտչյանը պատասխանատուների հետ քննարկել է շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման տարբերակները, վերանայել նախագծով տրված լուծումները, հորդորել է հետևողական լինել աշխատանքները բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։
Համայնքի ղեկավարը լսել է նաև տեղի բնակիչների առաջարկներն ու մտահոգությունները։