Արտաշատի համայնքապետարանում ձևավորված ավանդույթի համաձայն՝ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հանդիպեց համայնքի՝ մանկուց հաշմանդամ հաշվառված երեխաների ծնողների հետ:
Ջերմորեն ողջունելով վերջիններիս` պարոն Մկրտչյանն իր խոսքում մասնավորապես ընդգծեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ու մտահոգություններին մեկ անգամ ևս անդրադառնալու և համայնքապետարանի լիազորությունների շրջանակում լուծումներ տալու կարևորությունը։
«Սիրելի ծնողներ, ողջ տարին ձեր մտահոգություններն իմ և համայնքապետարանի հոգածության ներքո են, բայց այսօրը ավանդաբար հանդիպում ենք զրուցելու, տարբեր իրավիճակներում առաջացած խնդիրները քննարկելու, միասին արդյունավետ լուծումներ գտնելու համար։ Մենք պետք է անենք հնարավորը՝ հավասար պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու հաշմանդամություն ունեցող անձանց համար, նաև փաստելու, որ նրանք միայնակ չեն իրենց հոգսերի հետ։ Թեպետ այսօր հանգամանքների բերումով ներկա են հաշմանդամություն ունեցող անձանց ծնողների միայն մի մասը, սակայն իմ ուշադրության ներքո են համայնքում հաշվառված բոլոր 175 երեխաները՝ և Արտաշատ քաղաքից և գյուղական բնակավայրերից։
Շնորհակալություն ձեզ՝ կամքի ու ամենօրյա պայքարի համար։»` իր խոսքում նշեց համայնքի ղեկավարը։
Պարոն Մկրտչյանը նաև նվերներ էր պատրաստել, որոնք սիրով հանձնեց ներկաներին: Նվերներ են պատրաստվել համայնքում հաշվառված բոլոր 175 երեխաների համար, որոնք կփոխանցվեն համայնքապետարանի և գյուղական բնակավայրերի աշխատակիցների կողմից։
Այնուհետև ծավալված զրույցի ընթացքում երեխաների ծնողները բարձրացրեցին մի շարք հարցեր, ինչպես նաև իրենց երախտագիտությունը հայտնեցին մշտական ուշադրության համար։

