Արտաշատի համայնքապետարանում նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ հանրային լսում՝ Արտաշատ համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կողմից 2026 թվականի համար մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» և «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին /ՏԱՊ/»՝ համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ, որը վարում էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանը։
Հանրային քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ, լրագրողներ:
Պարոն Նազարյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց բոլորին ներկայության համար՝ կարևորելով նմանատիպ քննարկումները։
Համայնքապետարանի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանը ներկայացրեց Արտաշատ քաղաքում 2026 թվականի համար նախատեսվող տեղական տուրքերի տեսակները և մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների սահմանման մշակված նախագծերը։
Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետ Զարեհ Հակոբջանյանը խոսեց համաքում 2026 թվականին նախատեսվող աշխատանքերից՝ ըստ բնագավառների ներկայացնելով սուբվենցիոն, համայնքային և մյուս ծրագրերով իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը։
Ներկայացված հարցերի վերաբերյալ առաջարկություններով հանդես եկան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հնչած առաջարկություններն արձանագրվեցին՝ քննարկվելու և ըստ անհրաժեշտության ծրագրերում ու աշխատանքային պլանում ներառելու համար:
Քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում:
Ներկայացված նախագծերն արժանացան ներկաների հավանությանը:


