Սիրելի՛ հայրենակիցներ, համայնքի սիրելի՛ բնակիչներ
Դեկտեմբերի 3–ը 1992 թվականից ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:
Այս օրը ևս մեկ առիթ է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ու մտահոգություններին անդրադառնալու և ընդծելու հոգատար, ներառական և մատչելի միջավայրի կարևորությունը։
Մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իր կարողություններով լիարժեք կարող է ինտեգրվել հասարակական կյանքին՝ իրեն պաշտպանված, հարգված ու գնահատված զգալով։
Եվ այս համատեքստում շատ կարևոր են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ ապահովելու հավասար հնարավորություններ վերջիններիս համար՝ սոցիալական ծառայությունների, տեղեկատվության, կրթության և աշխատանքային գործունեության ոլորտում:
Մենք շարունակելու ենք լինել համայնքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողքին և հնարավորության սահմաններում լուծումներ տալ բոլոր այն հարցերին, որոնց վերջիններս բախվում են։
Նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրենց կամքով ու ամենօրյա պայքարով օրինակ են մեզ համար։ Շնորհակալություն բոլոր այն կրթական, սոցիալական կառույցներին, անհատներին, որոնք մշտապես կանգնած են հաշմանդամություն ունեցող անձանց կողքին։
Այս օրը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մեր համայնքի ուժը նաև մեր համերաշխության, փոխըմբռնման և աջակցելու կարողության մեջ է։
Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն և ամենայն բարիք։