news-details
Արտաշատ

Կառլեն Մկրտչյանը հանդիպել է թիվ 3 դպրոցի աշակերտների հետ. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է. 

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հյուրընկալեց Արտաշատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 9–րդ դասարանի  աշակերտների,   փոխտնօրեն Նաիրա Սարգսյանին և պատմության ուսուցչուհի Հրանուշ Վարդանյանին։ 

Աշակերտները,  դեռևս դեկտեմբեր ամսին տիկին Վարդանյանի  գլխավորությամբ,   հանդես են եկել «Անկախության հռչակագիր․ Օգոստոսի 23–ի խորհուրդը»  խորագիրը կրող նախագծային աշխատանքով։

Թեման պատահական չի ընտրվել․ Արտաշատ քաղաքն առաջինն էր,  որ օրվա խորհուրդը կարևորելով, 1991 թվականին  իր կենտրոնական փողոցն անվանակոչեց ի պատիվ Հռչակագրի։

Թեմային անդրադառնալու  պատճառ է հանդիսացել նաև 2025թ․ օգոստոսի 23–ին Արտաշատի Օգոստոսի 23–ի փողոցում կազմակերպված «Ֆեստիվառ» երաժշտական–զբոսաշրջային փառատոնը, որն Արտաշատում էր մեկտեղել համայնքի բնակիչների ու բազմաթիվ հյուրերի։

Պարոն Մկրտչյանը,  ողջունելով ներկաներին,  իր ուրախությունը հայտնեց արտաշատցիներիս համար կարևոր իրողությանն անդրադառնալու համար։

«Ինձ համար շատ հաճելի են նմանատիպ հանդիպումները, շատ ուրախ եմ, որ այսքան կիրթ ու նախաձեռնող աշակերտներ ունենք, որոնք սիրում են մեր համայնքը, մեր պետությունը։ Վստահ եմ, որ դուք ապագայում լավ մասնագետներ եք դառնալու ու մեր պետության համար պիտանի քաղաքացիներ»՝ նշեց համայնքի ղեկավարը։

Երեխաները ներկայացրեցին հետազոտական աշխատանքը, որի ընթացքում ծանոթացել են Հռչակագրի ընդունման պատմությանը, հարցումների օգնությամբ փորձել պարզել, թե արտաշատցիները և քաղաք այցելող զբոսաշրջիկները որքանով են տեղեկացված օրվա խորհրդի և փողոցի անվանակոչության մասին։ 

Որպես աշխատանքի վերջնարդյունք ստեղծվել է օրը պատկերող պաստառի մակետ և տարբերանշան։ Պաստառի վրա խորհրդանշական կենաց ծառն է, իսկ 12 ճյուղերը՝ Հռչակագրի 12 կետերը, տարբերանշանի վրա Հայաստանը խորհրդանշող նուռն է, կարմիրը՝  հինավուրց Արտաշատի որդան կարմիրը։ 

Երեխաները համայնքի ղեկավարին առաջարկ ունեին՝ պաստառի մեծ ու գեղեցիկ տարբերակը  քաղաքի որևէ տեսանելի վայրում  տեղադրել։ Համայնքի ղեկավարի կողմից սիրով ընդունվեց առաջարկը․ պարոն Մկրտչյանը խոստացավ, որ  առաջիկայում  քաղաքի տեսանելի  վայրերից մեկը կզարդարի երեխաների կողմից պատրաստված պաստառը, որի QR կոդով հնարավոր կլինի տեղեկանալ Անկախության հռչակագրի դրույթներին և  Արտաշատ քաղաքի կենտրոնական փողոցի  անվանակոչության պատմությանը։ 

Երեխաներն ուրախ ու ոգևորված էին ոչ միայն իրենց  առաջարկն ընդունելու համար, այլև այն բազմաթիվ բարենորոգումների համար, որոնք իրականացվում են Արտաշատ համայնքում, այսպիսով իրենց միջավայրն ավելի հարմարավետ, գեղեցիկ ու  ներկայանալի դարձնելով։