Արտաշատի 2214–ին ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում՝ Արարատի մարզի Փոքր Վեդու Մ․ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի 7–րդ դասարանի աշակերտները, պատմության ուսուցչուհի Փառանձեմ Նաղդալյանի գլխավորությամբ և Արարատի մարզային գրադարանի հետ համագործակցությամբ՝ հանդես են եկել «Պատմական Արտաշատ» կամ «Արտաշատը թանգարանում» նախագծային աշխատանքով։
Հետազոտական աշխատանքը լիարժեք իրականացնելու համար երեխաներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, դիտել հին Արտաշատի պատմությանը նվիրված բացառիկ նմուշները։
Շուրջ մեկ ամիս տևած հետազոտական աշխատանքի ընթացքում երեխաները ծանոթացել են հնագույն մայրաքաղաք Արտաշատի պատմությանը, հետաքրքիր մանրամասներ պարզել քաղաքի մշակութային կյանքից, տնտեսությունից, անդրադարձել են Արտաշես առաջին արքայի կյանքին ու գործունեությանը և ձեռք բերած գիտելիքները հմտորեն ներկայացրեցին դեկտեմբերի 9–ին Արարատի մարզային գրադարանում կազմակերպված միջոցառման ընթացքում։
Միջոցառմանը, որին ներկա էին համայնքապետարանի, մարզային գրադարանի և դպրոցի աշխատակիցներ, սահիկաշարի միջոցով ներկայացվեցին դրվագներ՝ հին և այժմյան Արտաշատի պատմությունից, ցուցադրվեցին պատմական Արտաշատի եզակի գտածոները, որոնք ապացուցում են, որ Արտաշատը եղել է մշակութային ու արհեստագործական խոշոր կենտրոն, հնչեց Արտաշատի օրհներգը, ցուցադրվեց «Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով ստեղծված խաղ–հարցաշարը։
Նշենք, որ աշակերտները որպես հետազոտական աշխատանքի վերջնարդյունք, նաև ստեղծել են տեղեկատվական գրքույկ, որտեղ զետեղված են Հայաստանի պատմության թանգարանում գտնվող բնագիտական տարբեր առարկաների, գտածոների մասին հետաքրքրիր տեղեկատվություն և լուսանկարներ։

