Արտաշատի համայնքապետարանը հայտնում է.
2001 թվականի փետրվարի 12-ին ընդհատվեց անվանի բանաստեղծ Արտակ Համբարձումյանի երկրային կյանքը։ Նրա արևասեր հոգին երգեց կապույտ կարոտի մասին և դարձավ կապուտաչյա մի առասպել՝ երկնքից այն կողմ, երկնային ջինջ ու պայծառ մի առասպել։
Արտակ Համբարձումյանին նվիրված ցերեկույթ էր կազմակերպվել նրա ծննդավայրում՝ Շահումյան բնակավայրում։
Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոցում կայացած միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, Արտակի եղբայրները՝ Գարիկ և Հայկ Համբարձումյանները, կինը և որդին՝ Գայանեն և Գրիգորը, Շահումյանի վարչական ղեկավար Սերժիկ Բաբայանը և պարզապես բանաստեղծի պոեզիայի սիրահարներ։
Հնչեցին Արտակի` բոլոր ժամանակներում արդիական տողերը՝ մուգ կարմիր վարդերի շնչով, կապույտ ու խնկաբույր կարոտներով լի։ Այդ տողերը գեղեցիկ ու հուզիչ ներկայացրեցին Շահումյանի միջնակարգ դպրոցի և Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները, Շահումյանի արվեստի դպրոցի ուսուցիչները՝ նոր շունչ տալով արդեն սիրելի դարձած բանաստեղծություններին։
Բանաստեղծի խոսքերով գրված երգերով հանդես եկավ մեր հայրենակցուհի, երգահան Ալվարդ Բադալյանը։
Ցերեկույթը համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպել էին Արարատի մարզային և Արտաշատի քաղաքային գրադարանները։
Արտակ Համբարձումյանի պոեզիայի և Արտակ մարդու մասին խոսեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և Արտակի եղբայրը՝ Գարիկ Համբարձումյանը։
Օդը մի տեսակ լի էր Արտակյան լուսեղեն թախիծով ու վաղուց արդեն հարազատ դարձած կարոտով։ Ու էլի զգացվում էր Բանաստեղծի շունչը ու էլի լսվում էին նրա խոսքերը՝ «Ինձ միշտ էլ կլինեն հիշողներ, մոռացողներ՝ երբեք»։

