news-details
Արտաշատ

Արտաշատ համայնքում հյուրընկալվել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը հայտնում է

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր  դեսպան Ալեքսանդրա  Պամելա Քոուլն այսօր  ճանաչողական այցով  Արտաշատ համայնքում էր։  Այցի շրջանակում դեսպանին իր աշխատասենյակում ընդունեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

«Հարգարժան տիկին դեսպան, ուրախ եմ ձեզ ողջունել մեր համայնքում։ Արտաշատը Հայաստանի հնագույն քաղաքներից է․ շուրջ չորս դար այն եղել է Հայաստանի մայրաքաղաքը և ունի պատմական  մեծ նշանակություն՝ որպես քաղաքական, տնտեսական և մշակութային կարևոր կենտրոն։

Այսօր ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել հնագույն Արտաշատի իրավահաջորդ նորօրյա Արտաշատը։ Եվ շնորհակալ ենք Ձեր ուշադրության  և հետաքրքրության համար մեր համայնքի  հանդեպ»՝ իր խոսքում նշեց համայնքի ղեկավարը։

«Ուրախությամբ եմ այսօր այցելել այս համայնք, հարգելի համայնքապետ։ Կարճ ժամանակում արդեն հնարավորություն եմ ունեցել համոզվելու, որ այն առանձնանում է իր յուրահատկությամբ, գեղեցկությամբ, ինչպես նաև ջերմ ու հյուրընկալ միջավայրով։ Դուք իրավացիորեն ընդգծեցիք պատմական Արտաշատի կարևոր դերը, և այսօր էլ Արարատի մարզկենտրոն Արտաշատը ներկայանում է որպես ինքնատիպ տնտեսական և մշակութային դիմագիծ ունեցող քաղաք։ Շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար»։՝ նշեց Ալեքսանդրա Քոուլը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությունը, Արտաշատ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ուղղություններ,  ինչպես նաև անդրադարձ է կատարվել  համայնքային կառավարման արդյունավետության բարձրացման և քաղաքացիական մասնակցության խթանման թեմաներին։

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը հետաքրքրվել է Արտաշատ համայնքի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է համայնքում արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը և  զարգացման առաջնահերթությունները։

Այցի ավարտին կողմերը կարևորել են  հնարավոր համագործակցության հեռանկարները։ Իսկ տիկին դեսպանը նշել է, որ առաջիկայում սիրով նորից կայցելի Արտաշատ։