Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմը մի քանի օր շարունակ պայքարում էր մայիսի 9-ին բժշկական կենտրոն մոտ տեղափոխված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6-ամյա աղջնակի կյանքի համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատ բժշկական կենտրոնից, նույն օրը Արտաշատ քաղաքում «BYD» ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։
Գրեթե 24-ժամյա ռեժիմով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում պայքարեցին և հասան արդյունքի։
Այսօր արդեն երեխայի մոտ դրական դինամիկա է զգացվում։ Հարևանները կարծես թե համակերպվել էին այն մտքի հետ, որ հնարավոր է՝ վրաերթը ողբերգական ավարտ ունենա, սակայն երեխայի ծնողները չէին հեռանում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, գրեթե ամեն օր նշված բժշկական կենտրոնում բացված մատուռում աղջնակի առողջության համար աղոթք էին անում առ Աստված, և առաջին հերթին Աստծո զորությամբ և բժշկական կենտրոնի անձնակազմի շնորհիվ ամեն ինչ բարեհաջող ընթացք է ունեցել։
Մայրն արդեն տեսակցել է աղջնակին, երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ մայիսի 9-ին, վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 6-ամյա աղջնակի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։