news-details
Արտաշատ

Արտաշատում Արայիկ Գևորգյանի մասնակցությամբ պարգևատրվեցին մարզիկները. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հյուրընկալել է համայնքի սպորտային հաստատությունների ղեկավարների, մարզիչների ու սաների և իր երախտագիտությունը հայտնել ողջ տարվա ընթացքում գրանցած մարզական նշանակալի հաջողությունների, համայնքը հանրապետական ու միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու համար։

Հանդիպմանը ներկա էր նաև այս օրերին Հայաստանում գտնվող աշխարհի եռակի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, մեր համայնքի բնակիչ Արայիկ Գևորգյանը։

«Հարգելի Արայիկ Գևորգյան, Դուք մեր համայնքի ու ողջ Հայաստանի հպարտությունն եք, ուրախ եմ, որ այս խորհրդանշական օրն այստեղ եք գտնվում, այստեղ այսօր մարզիկներ ու մարզիչներ են գտնվում, ովքեր ոգեշնչվել են նաև Ձեր հաղթանակներով։ Ես սիրով շնորհավորում եմ բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ և նոր նվաճումներ, անասելի հպարտություն է, երբ աշխարհի տարբեր անկյուններում հաղթական փողփողում է մեր Եռագույնը։»՝ նշել է համայնքի ղեկավարը։

Պարոն Մկրտչյանը շնորհակալագրեր է հանձնել սպորտային հաստատություններին, պատվոգրեր և դրամական պարգևներ՝ սաներին և մարզիչներին։

Սպորտի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանը իր ուրախությունն է հայտնել հայրենիքում գտնվելու այս օրերին նաև համայնքի՝ մարզական հաջողություններ գրանցած սաների ու մարզիչների պարգևատրման արարողությանը ներկա գտնվելու համար։

«Անչափ ուրախ եմ հարգելի համայնքապետ, որ սպորտային կյանքն ակտիվ է համայնքում, ինչը նաև ձեր հետևողական աշխատանքի հետևանք է»՝ նշեց նա։

Ներկաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին համայնքի ղեկավարին՝ մշտապես իրենց կողքին լինելու համար։