news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը-Մրգավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Մրգավան գյուղի պատմամշակութային ժառանգության մեջ իր ուրույն ու կարևոր տեղն ունի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Այս պատմական կառույցը հիմնադրվել է 1828 թվականին՝ դառնալով տեղի բնակչության հոգևոր կյանքի առանցքային կենտրոններից մեկը:

Դժբախտաբար, ժամանակի ընթացքում և պատմական տարբեր իրադարձությունների հետևանքով եկեղեցին հասել է հիմնավեր վիճակի:

Չնայած կառույցի ավերվածությանը, այն չի կորցրել իր հոգևոր նշանակությունը. ներկայումս եկեղեցու տարածքում ընթանում են ակտիվ շինարարական և վերականգնողական աշխատանքներ՝ նպատակ ունենալով ամբողջությամբ վերակնգնել սրբավայրի նախկին տեսքն ու հզորությունը:

​Այս պատմական համալիրի տարածքում պահպանվել են նաև այլ արժեքավոր հուշարձաններ, մասնավորապես՝ 12-13-րդ դարերով թվագրվող երկու խաչքարեր, որոնք վկայում են տարածաշրջանի հնամենի մշակութային արմատների մասին:

Գյուղում Սուրբ Աստվածածին եկեղեցուց բացի կա նաև մեկ այլ հոգևոր կառույց՝ 1902-1905 թվականներին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշաղբյուր:

​Մրգավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Մրգավան գյուղում:

Անցնելով հարյուրամյակների փորձությունների միջով ու հասնելով հիմնավեր վիճակի՝ այս սրբավայրն այսօր ապրում է իր վերածնունդը: Տեղական պատմամշակութային ժառանգության պահպանումը և եկեղեցու վերականգնումը կարևոր քայլ են գյուղի հոգևոր կյանքի վերելքի, ինչպես նաև տարածաշրջանային տուրիզմի զարգացման համար: Ուխտավորների ու հնությամբ հետաքրքրվող ճանապարհորդների համար այս վայրը բացահայտում է հայկական պատմության ևս մեկ անհայտ ու խորհրդավոր էջ:

Կառույցի ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներն են՝ 39.970220° հս․ լ․, 44.536768° արլ․ երկ․։