news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը- Փոքր Վեդի

Փոքր Վեդին գեղատեսիլ գյուղ է Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում:

Այն տարածվում է Բիբլիական Արարատի ներքո՝ Արաքս գետի ձախ ափին: Գյուղն ունի հարուստ պատմական անցյալ և հիմնադրվել է 1831 թվականին:

Նախկինում բնակավայրն անվանվել է «Քիչիկ Վեդի», որտեղ ադրբեջաներեն «քիչիկ» նշանակում է փոքր, իսկ արաբերեն «վեդի»՝ տափաստան:

Հետագայում անվանումը թարգմանվել է հայերեն, և գյուղը պաշտոնապես կոչվել է Փոքր Վեդի:

​Այս համայնքը սահմանակից է Թուրքիային, ինչպես նաև Շահումյան, Տափերական, Նոր Կյանք և Լուսառատ համայնքներին:

Պատմականորեն գյուղի տարածքում է գտնվել Հայաստանի նախկին մայրաքաղաքներից մեկը՝ Արտաշատը, իսկ համայնքի տարածքին կից վեր է խոյանում պատմական Խոր Վիրապի վանքը:

​Գյուղի վերաբնակեցման և զարգացման պատմությունը բավականին ուշագրավ է: 1922 թվականից սկսած բնակավայրը վերաբնակեցվել է 1915 թվականի Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականներով՝ սկզբում 12 տնտեսություն, ընդհանուր թվով 76 մարդ, ովքեր եկել էին Վանից, Մոկսից, Մամրտանից, Շատախից, Թիմարից, Գավաշից, Կարճկանից, Հակուկից և Հաղպակից:

Ավելի ուշ՝ 1946 թվականին, գյուղ են ներգաղթել Իրանից, Իրաքից և Սիրիայից հայրենադարձված ընտանիքներ, իսկ 1988 թվականին այստեղ հաստատվել է Ադրբեջանից բռնագաղթված 175 ընտանիք:

​Սկզբնական շրջանում գյուղում տները կառուցվել են կավից, իսկ տանիքները, պատուհաններն ու դռները ծածկվել են եղեգնով, երբեմն էլ՝ ուռենու և բարդու ճյուղերով:

Քանի որ գյուղի հողերը գերխոնավ և աղակալված են եղել, սկզբում հնարավոր է եղել ցանել միայն բրինձ:

Հետագայում բնակիչները ձեռնամուխ են եղել ճահճուտների վերացմանը, ինչից հետո սկսել են մշակել բամբակ, ճակնդեղ, եգիպտացորեն և հացահատիկ, իսկ ժամանակի ընթացքում կառուցվել են քարաշեն ու բարեկեցիկ տներ:

Այսօր գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:

Փոքր Վեդիի բնակիչները Մեծ Եղեռնից, հայրենադարձությունից և բռնագաղթից հետո միավորված տոկուն, աշխատասեր ու հայրենասեր մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքով ճահճուտները վերածել են բարեկեցիկ գյուղի, իսկ անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստակամորեն զենքով պաշտպանել են հայրենիքը:

​Փոքր Վեդիի բնակիչներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև հայրենիքի պաշտպանության գործում. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է համայնքի 95 անդամ, որոնցից 41-ը զոհվել կամ անհայտ կորել են, իսկ Արցախյան ազատամարտին մասնակցել է համայնքի 65 ազատամարտիկ:

​Գյուղը գտնվում է մայրաքաղաք Երևանից 28 կմ հարավ-արևելք, իսկ մարզկենտրոն Արտաշատից հեռու է 10 կմ:

Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 820 մետր: Աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°52′58″ հս․ լ․ 44°37′03″ ավ․ ե․: