news-details
Արտաշատ

Արտաշատի համայնքապետարանում ԽՍՀՄ տարիներն են, համայնքապետը չարաշահել է պաշտոնը

Արտաշատ խոշորացված համայնքի բնակիչ Աննա Գալստյանը «Հրապարակի» խմբագրություն է դիմել, պատմելով, որ Արտաշատ խոշորացված համայնքի քաղշին բաժնի աշխատակիցների և ղեկավար Կառլեն Մկրտչյանի քմահաճույքի պատճառով իրեն և իր քրոջը պատկանող առանձնատան մասնատման հետ կապված խնդիրներ են առաջացել:

Նա պատմում է. «Խնդիրը Արտաշատի համայնքապետարան ներկայացրել ենք վեց ամիս առաջ: Մեր հայրական տունը, որը պատկանում էր ինձ և քրոջս պետք է կիսեինք երկու մասի:

Քույրս ցանկանում է վերանորոգել տունը, ինչի նպատակով առանձնատունը պետք է գրավադրեինք բանկում, դե հասկանալի է, գուցե տարիներ տևեին մինչև քույրս ամբողջական մարեր վարկը և գրավից տունը հանվեր, այդ պատճառով որոշեցինք նախքան այդ պրոցեսը` տունը կիսել, ես իմ մասը վերցնեի, քույրս էլ կարողանար վերանորոգումը սկսել:

Դիմեցինք Արտաշատի համայնքապետարան: Առաջին անգամ դիմումը մերժվեց, օրենքի այնպիսի կետեր ներկայացրին, որոնք ոչ մի կերպ որոշումը չհիմնավորեցին:

Այնպիսի կետեր էին նշել, որ օրենքում չկային անգամ, սխալ էին նշել, ես նորից դիմեցի համայնքապետարան և պնդեցի, որ օրենքում նման կետեր չկան, համայնքապետարանն էլ ընդունեց իր սխալը, ասելով հավանաբար շփոթմունք է տեղի ունեցել, այլ կետ պետք է նշեինք, այլ կետ ենք նշել: 

Պատկերացնո՞ւմ եք պետական համակարգի աշխատողը չունի տարրական գիտելիքներ:

Հետո պնդեցին, որ տան իրական սահմանները փոփոխման ենթարկենք և համապատասխանեցնենք կադաստրում գրանցված սահմաններին:

Իրականում խոսքը թյուրիմացության մասին է: Քարտեզագրում կատարելիս 2000 թվականին տան առանձնահատկությունները հաշվի չեն առել, որ պատը ուղիղ գծով չէ, մի քիչ թեք է, առաջ է և այլն:

 

Համայնքապետարանը ինձ ասաց, որ իմ տարածքից հրաժարվեմ, պատը վերակառուցեմ, որ խնդրին լուծում տան:
Ես ընդառաջ գնացի: Շինարարական աշխատանքներ սկսեցինք, ներսից պատեր կառուցեցինք, որի արդյունքում կարիք եղավ կոյուղի և այլն, լրիվ փոխել, մեծ ռեսուրսներ ծախսեցինք։ Այդ ընթացքում, երբ արդեն 4 ամիս անցել էր մեր պահանջից ու տունն էլ ավելի անմխիթար վիճակում էր, ես հօգուտ քրոջս իմ բաժնեմասից հրաժարվեցի, որ նա կարողանա տունը գրավ դնել ու վարկ վերցնել շինարարության համար։ Քանի որ տան մի փոքր հատվածն էլ հում աղյուսից է, բանկերը դրա համար չէին տալիս վարկ ու այս անգամ թղթեր ներկայացրեցինք համայնքապետարան, որ տունը երեք մասի բաժանվի, որպեսզի խնդիրներ չառաջանան բանկի գրավադրման հետ: Ի վերջո, մեր տունն է, մենք ինչպես կուզենք տունը կբաժանենք քանի մասի, որ ցանկանում ենք։ Այժմ համայնքապետարանն ասում է, որ աղյուսի հատվածը փոքր է, չի համապատասխանում պահանջվող նորմերին, իբրև նորմերը նախատեսում են 400 քառակուսի մետրից ոչ քիչ: Պահանջել եմ օրենքի այդ կետերը, քանի որ ես նման ոչ մի օրենքի կետ չեմ գտել Առլիս համակարգում։ 

Ի դեպ ասեմ, որ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, հատկապես Խորեն անունով մեկը անգրագետ է և մարդկանց հետ խոսելու կուլտուրա չունի, անտակտ է: Չգիտես ինչու համայնքապետարանում քաղաքացու վրա ձայն են բարձրացնում, բայց երբ քաղաքացին պատասխանում է, խիստ զարմանում են: Արտաշատի համայնքապետարանը մնացել է սովետական հասարակության տակ, զգացողությունն այդպիսին էր: 

Ստիպված դիմել եմ քաղաքապետին, նա ինձ չընդունեց սկզբում, կանչեց Խորենին, որպես «բանիմաց» աշխատակցի, իսկ հետո արդեն «զինված» ընդունեց ինձ` ասելով նույն խոսքերը ինչ իր աշխատողները: Համայնքապետը խիստ վրդովվեց երբ ասացի, որ նման կետ չկա օրենքում, եթե լիներ, մեկ տարի առաջ նույն տունը չէր մասնատվի իրենց նշված չափերից փոքր չափերով։ Այս անգամ, չգիտես ինչու, որոշել են, որ այդ ամենն օրենքի խախտում է, իսկ եթե օրենքի խախտում է, ապա ինչո՞ւ էին մեկ տարի առաջ նույն բանն անում:

Ինչո՞ւ 2024 թվականին իմ տարածքը մասնատվել է 184 քմ, հիմա 92,4 չի կարող։

Ինչո՞ւ համայնքի այլ բնակիչների տրամադրվել է, մեզ չեն կարող։

Դա համարում եմ լիազորությունների չարաշահման կոպիտ խախտում։ 

Ի հավելումն այդ ամենի ասեմ, որ ես քաղաքապետարանում անհատույց հիմունքներով հոգեբան էի ձևակերպված, այսինքն, առանց աշխատավարձի: Մասնակցում էի նիստերին, ոստիկանությունում անչափահասների հետ կապված խնդիրներով էի զբաղվում, մտածելով, որ համայնքին եմ օգուտ տալիս ինչ-որ բանով: Պարզվեց, ես համայնքապետի քմահաճույքով եմ այնտեղ։ Համայնքապետը, որպես պատիժ, ինձ հրամայեց հեռացնել այդ աշխատանքից, հավանաբար այդ աշխատանքը վարձատրություն է ենթադրում, սակայն, որպեսզի ես դա էլ չբացահայտեմ ինձանից պահանջեցին դիմում գրել ազատման, քանի որ որևէ հիմք չունեին հեռացնելու։ Ես հրաժարվեցի։ Դա պաշտոնեական դիրքի չարաշահում է: Նա իր լիազորությունները չարաշահել է: Խնդիրը ավարտվեց նրանով, որ նա նաև հրամայեց ինձ կրկին մերժել, այս անգամ ավելի խայտառակ կետերով: Մերժման մեջ չկար որևէ օրենքի կետ: Իրենց նշած 3-րդ գլխի 6-րդ կետը չգտա օրենքում։ Այնտեղ օրենքի կետ չէր, միայն տերմինների պարզաբանումն էր, այն էլ 6-րդ կետում նման բան գրած չէր մյուս կետում էր։

Ես կարող եմ տրամադրել այդ փաստաթղթերը:

Երբ դիմեցի նախարարություն, ի պատասխան իմ նամակի Քաղաքապետը գրել էր, որ բանավոր համաձայնության է եկել իմ հետ։ Բայց նման բան չկա։ Հիմա հանրայնորեն ուզում եմ իմանալ, ինչո՞ւ է մերժվում մեր դիմումը, բայց ուրիշ մարդկանց տրամադրվում օրենքի խախտումով տարածք։

Ո՞նց կարող է պատահել, որ իրենց սահմանած նորմերից փոքր նորմերով շինությունները հաստատում են, իսկ մերը ոչ: Եթե քաղաքապետարանը կամ համայնքապետարանը չի կարող 400քմ տարածքից փոքր տարածք տրամադրել բնակչին, ինչպե՞ս է ստացվում, որ կադրաստրային քարտեզներում կան նման փոքր տարածքներ վերջին 2 տարում տրամադրված այլ բնակիչների։ Ե կադաստրում նշված 03-061-003-0072-ից մինչև 0078, ինչպես նաև 0032-0034 տարածքները անզեն աչքով երևում են, որ իրենց ասած չափերին չեն համապատասխանում։ Ինչո՞ւ է իրենց տրամադրվել, բայց մեզ հնարավոր չի տրամադրել։

Ես կարող եմ տրամադրել բոլոր փաստաթղթերը»: