news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Բնուտ լեռ. Խոսրովի արգելոցի թաքնված գանձը

Արարատի մարզի ամենատպավորիչ, բայց քչերին հայտնի գագաթներից մեկը Բնուտ լեռն է։ Այն գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սրտում և  Իծասարի լեռնաշղթայի կարևորագույն հանգույցներից մեկն է։

Լեռան բարձրությունը կազմում է մոտ 2100-2200 մետր։

​Լեռան անունը և դիրքը պատահական չեն։ Ինչպես և հարևան Իծասարը, սա այն վայրն է, որտեղ մեծ է հավանականությունը տեսնելու Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին՝ իրենց բնական միջավայրում։

Ըստ ավանդության՝ Իծասարի և Բնուտի ժայռոտ կատարներին ապրում է մի «Ոսկեղջյուր» այծ, որը լեռների պահապանն է։ Ասում են, որ եթե որսորդը փորձի սպանել մայր այծին կամ ձագին, լեռը սկսում է «որոտալ» (քարաթափումներ են լինում), և ժայռերը փակում են որսորդի ճանապարհը։ Այս լեգենդը դարեր շարունակ պաշտպանել է կենդանիներին բնաջնջումից, քանի որ մարդիկ հավատում էին, որ Բնուտի այծերը սուրբ են։

«Բնուտ» բառը հաճախ մեկնաբանվում է որպես «բույն ունեցող» կամ «բնակատեղի»։ Ըստ մի զրույցի՝ երբ թշնամիները պաշարում են մոտակա Կաքավաբերդը, տեղի բնակիչները թաքնվում են այս լեռան դժվարհասանելի քարանձավներում և ժայռերի մեջ։ Նրանք այնտեղ իրենց համար «բույն» են ստեղծում, որտեղից աննկատ հարվածում են թշնամուն։ Այդ օրվանից լեռը կոչվում է Բնուտ՝ որպես հուսալի ապաստան և բույն։

Լեռան ​լանջերը ծածկված են հնագույն գիհիներով, որոնք օդը դարձնում են բուժիչ և անկրկնելի։

​Բնուտի բարձունքից բացվում է լավագույն տեսարանը դեպի միջնադարյան անմատչելի Կաքավաբերդը և Ազատի հոյակերտ կիրճը։

​Արշավականների համար լեռ բարձրանալը հեշտ զբոսանք չէ։ Վերելքը պահանջում է դիմացկունություն և, որ ամենակարևորն է՝ նախնական թույլտվություն արգելոցի տնօրինությունից, քանի որ տարածքը խստիվ պահպանվող գոտի է։

Տեղակայումը` լեռը բարձրանում է Ազատ գետի ձախ ափին՝ հանրահայտ Կաքավաբերդի հարևանությամբ։

Կոորդինատներ՝ 40.0152° N, 44.8516° E