news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Վեդիի պատմամշակութային հուշարձանները

Արարատի մարզի Վեդի քաղաքի մուտքը զարդարող հուշարձանը տեղական նշանակության պատմամշակութային արժեք է, որն ընդգրկված է քաղաքի անշարժ հուշարձանների ցանկում 3.4/4 համարի ներքո:

Այն տեղադրվել է 1986 թվականին՝ Վեդու կոլտնտեսության պատվերով և գտնվում է Երևան-Վեդի խճուղու աջ կողմում:

Հուշարձանի ճարտարապետն է Պարգև Սեդրակյանը, իսկ քանդակագործը՝ Ս. Լուսինյանը:

Կառույցն իրենից ներկայացնում է բետոնից և տուֆից պատրաստված տուֆակերտ քանդակ, որն իր հորինվածքով նմանվում է թևերը բարձրացրած արծվի:

Զարդանախշերով հարուստ այս հուշարձանը խորհրդանշում է Արարատյան դաշտի բերքն ու բարիքը:

Հուշարձանի ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°54′27.720″N 44°42′10.800″E:

​Բացի մուտքի հուշարձանից, Վեդի քաղաքում կա  նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը, որը գտնվում է 39°54′48.395″N 44°43′33.380″E կոորդինատներում (պետական ցանկում՝ 3.4/3):

Այս համալիրը բաղկացած է երկու հիմնական մասից. առաջինը՝ չորս խոնարհված պատերից կազմված հուշարձանն է, որի կենտրոնում վառվում է անմար կրակը:

Այն կառուցվել է 1990 թվականին՝ Մեծ եղեռնի 75-ամյա տարելիցի առթիվ և կրում է «Ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի 1915-1990» մակագրությունը:

Համալիրի երկրորդ մասը երկինք հառնող առանձին սյունն է, որը կառուցվել է 1977 թվականին՝ խորհրդանշելով վերածնունդը և նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին:

Այս հուշարձանները, մեկտեղելով հայկական քարարվեստի ավանդույթներն ու մեր ժողովրդի պատմական հիշողությունը, յուրօրինակ կամուրջ են  անցյալի և ներկայի միջև։

Դրանք ոչ միայն զարդարում են Վեդին, այլև յուրաքանչյուր անցորդի հիշեցնում են մեր անկոտրում կամքի, վերածննդի և ստեղծարար ոգու մասին, որոնք դարեր շարունակ ծաղկեցրել են Արարատյան դաշտը։