news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Սուրբ Սարգիս գյուղատեղի. Միջնադարյան լռության վկան Խոսրովի անտառում

Սուրբ Սարգիս կամ Ջիմի կոչվող պատմական գյուղատեղին  Հայաստանի լեռնային բնակավայրերի ամենաարժեքավոր և լավ պահպանված օրինակներից մեկն է, որն իր մեջ ամփոփում է ավելի քան հազար տարվա պատմական շերտեր։

Այս հնավայրը տեղակայված է Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի խիստ պահպանվող գոտում։

Բնակավայրի պատմությունը սկիզբ է առնում զարգացած միջնադարից՝ 10-րդ դարից, և իր ծաղկման գագաթնակետին է հասել 12-14-րդ դարերում, երբ տարածքը գտնվում էր Պահլավունի և Օրբելյան իշխանական տների տիրապետության տակ։

Գյուղատեղիի հոգևոր և ճարտարապետական առանցքը 13-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին է, որը թեև այժմ կիսավեր է, սակայն պահպանել է իր միանավ թաղակապ հորինվածքը, կոպտատաշ բազալտե պատերն ու սրբատաշ տուֆից պատրաստված մուտքի բացվածքները։

Եկեղեցու շուրջ սփռված է հսկայական գերեզմանոց, որը գյուղատեղիի ամենաարժեքավոր հատվածն է։

Այստեղ առկա են 10-15-րդ դարերի տասնյակ խաչքարեր։

Հատկանշական են հատկապես 13-րդ դարի «թևավոր» խաչքարերի բեկորները և օրորոցաձև տապանաքարերը։

Խաչքարերի վրա փորագրված են բարդ հյուսվածքներ, հավերժության նշաններ և արձանագրություններ, որոնք հիշատակում են տեղի բնակիչներին և հոգևորականներին։

Վիմագրական տվյալները  փաստում են, որ գյուղն ունեցել է ակտիվ համայնքային կյանք, իսկ տնտեսության հիմքը եղել է անասնապահությունը և ձիթհանքի մշակույթը, ինչի մասին վկայում են տարածքում պահպանված ձիթհանքի հսկա քարերը, որոնք վկայում են, որ գյուղում արտադրվել է կտավատի կամ կանեփի ձեթ թե՛ տեղի կարիքների, թե՛ վաճառքի համար։ 

Պահպանվել են նաև բնակելի տների մոտ 30-40 տնատեղերի հետքերը,որոնք  սովորաբար ունեցել են «գլխատուն» տիպի կառուցվածք՝ կենտրոնական երդիկով, որն ապահովել է լույսն ու օդափոխությունը։

1604 թվականի մեծ բռնագաղթից հետո գյուղն ամայացել է, սակայն 19-րդ դարի սկզբին այստեղ վերաբնակվել են Պարսկահայաստանից՝ Խոյից և Սալմաստից եկած հայեր, ովքեր վերականգնել են կյանքը բնակավայրում՝ օգտագործելով հին միջնադարյան շինությունների քարերը։

Գյուղի «Ջիմի» անվանումը հավանաբար ավելի ուշ շրջանի աղավաղված ձև է, սակայն տեղացիների համար այն միշտ մնացել է որպես սուրբ զորավարի անվամբ օծված վայր։

Բնակավայրը վերջնականապես դատարկվել է 1950-ական թվականներին՝ խորհրդային վերաբնակեցման քաղաքականության հետևանքով, և այսօր այն  «Խոսրովի անտառ» արգելոցի կարևորագույն հնագիտական հուշարձանախմբերից մեկն է, որը պահպանվում է պետության կողմից։

Տարածքը հասանելի է հիմնականում հետիոտնային արշավների միջոցով, ինչը թույլ է տալիս այցելուներին տեսնել ոչ միայն պատմական ավերակները, այլև վայելել արգելոցի անխաթար բնությունը, էնդեմիկ բուսաշխարհն ու գիհու նոսրանտառները, որոնք շրջապատում են հինավուրց գյուղատեղին։

Տեղակայումը.Գյուղատեղին գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:Այն սփռված է Վեդի գետի աջակողմյան վտակի բարձրադիր ափին՝ մեղմաթեք սարահարթի վրա:

Կոորդինատները. 39.9572° N, 44.9125° E

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության