news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը- Հայանիստ գյուղ

Հայանիստը հյուրընկալ և աշխատասեր մարդկանցով հայտնի մի գեղատեսիլ անկյուն է Հայաստանի Արարատի մարզում:

Այս համայնքի բնակիչներին բնորոշ է արտակարգ տոկունությունը, հողի հանդեպ ունեցած մեծ սերը և ջերմ համախմբվածությունը, ինչն առավել արտահայտվեց 1980-ականների վերջին, երբ գյուղը վերածվեց միատարր հայկական բնակավայրի:

Գյուղն աչքի է ընկնում իր բարեբեր հողերով, զարգացած ջերմոցային տնտեսություններով և հատկապես ձկնաբուծությամբ, ինչը տարածաշրջանում նրան տալիս է յուրահատուկ տնտեսական դեմք:

​Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին և պատմության ընթացքում կրել է Դոստլուղ, Կարակլլաղ, Զարագլլաղ և Դոստլուգ անվանումները, իսկ վերջնականապես Հայանիստ է վերանվանվել 1991 թվականին:

Այն տեղակայված է Միջինարաքսյան գոգավորությունում՝ Հրազդան գետի աջ ափին, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա:

Բնակավայրն ունի չոր, խիստ ցամաքային կլիմա՝ դեկտեմբերի կեսերից սկսվող ցուրտ ձմեռներով (հունվարյան միջին ջերմաստիճանը՝ -3-ից -5 °C) և մայիսից հոկտեմբեր ձգվող տևական, շոգ ամառներով, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 24-ից 26 °C-ի, իսկ առավելագույնը՝ մինչև 42 °C-ի:

​Այսօր Հայանիշտն ունի շուրջ 490 տնտեսություն, գործում են դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց և բուժկետ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 374 հեկտար, որից մոտ 231 հեկտարը վարելահողեր են: Տեղի բնակիչները մեծ հաջողությամբ զբաղվում են բուսաբուծությամբ, այգեգործությամբ (պտղատու և խաղողի այգիներ), դաշտավարությամբ ու բանջարաբուծությամբ՝ մշակելով ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ և հացահատիկ:

Այստեղ զարգացած է նաև անասնապահությունը (կաթնատու և մսատու), թռչնաբուծությունը, իսկ 41 հեկտար տարածք հատկացված է արոտավայրերին:

Գյուղը գտնվում է Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Արտաշատից 27 կմ հեռավորության վրա:

Կոորդինատները՝ 40°07′11″N 44°22′39″E: