news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհ դարձած խարբերդցիներին

Նոր Խարբերդի պատմական հիշողության ամենախոսուն վկաներից մեկը՝ Մեծ եղեռնի զոհ դարձած խարբերդցիների հիշատակին նվիրված հուշարձանը, վեր է խոյանում Արարատի մարզի Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերը միացնող ճանապարհի եզրին։

Այս ինքնատիպ կոթողը կանգնեցվել է 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ, որպես երախտիքի և վերածննդի խորհրդանիշ այն մարդկանց կողմից, ովքեր վերապրելով Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի ողբերգությունը, հիմնադրել են այս բնակավայրը Մայր Հայաստանում։

Հուշարձանի ճարտարապետական հորինվածքի հեղինակը Մ. Միքայելյանն է, իսկ գեղարվեստական ձևավորումն ու նկարչական լուծումները պատկանում են Վ. Խաչատրյանին։

Կառույցը բաղկացած է սրբատաշ բազալտե խոշոր սալերից ու երկրաչափական մարմիններից, որոնք իրար միահյուսվելով ստեղծում են ամրության և անկոտրում կամքի տպավորություն։

Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Այն  համայնքի գլխավոր հավաքատեղին է, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին տեղի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում անմեղ զոհերի հիշատակին։ 

Գտնվում է բնակավայրի մուտքի մոտ՝ Նոր Խարբերդ-Այնթապ ավտոճանապարհի հատվածում։

 Կոորդինատներն են՝ 40.092770, 44.498425։