news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը-Սևահող. Մոռացված միջնադարյան գյուղատեղին

Արարատի մարզի լեռնային լանջերին թաքնված է Սևահող (կամ Սևահողեր) պատմական գյուղատեղին, որը միջնադարյան Հայաստանի կյանքի լուռ վկան է:

Տեղանքն իր անունը ստացել է շրջակա դեղնավուն լեռնալանջերից խիստ տարբերվող արգավանդ և մուգ հողային շերտի պատճառով, ինչը պատմականորեն նպաստավոր պայմաններ է ստեղծել այստեղ հողագործության զարգացման համար։

​Գյուղատեղիի հոգևոր կենտրոնը միջնադարյան փոքրիկ եկեղեցին է։

Դարերի ընթացքում տանիքը փլուզվել է: Այսօր տեսանելի են միայն պատերի ստորին հատվածները և թափված քարերը, որոնք տեղի բնակիչները հետագայում հավաքել և դասավորել են՝ ստեղծելով փոքրիկ «ուխտատեղիի» տեսք:

Քարակույտի գագաթին տեղադրված մետաղյա խաչը ժամանակակից է՝ տեղադրված Վանաշենի կամ հարակից գյուղերի բնակիչների կողմից։

Պատմաբանները ենթադրում են, որ այս փոքր եկեղեցին սերտորեն կապված է եղել Աղջոց Սուրբ Ստեփանոս վանական համալիրին:

Հնարավոր է, որ այն ծառայել է որպես գյուղական ծխական եկեղեցի, որտեղ հոգևոր սպասավորություն են իրականացրել Աղջոց վանքից եկած վանականները:

Եկեղեցու շուրջը և պատերի մեջ կարելի է տեսնել 12-14-րդ դարերի զարգացած միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ նուրբ քանդակազարդ խաչքարեր և դեկորատիվ բեկորներ։

Հնավայրի տարածքում պահպանվել է նաև ընդարձակ գերեզմանոց, որտեղ միջնադարյան խաչքարերին հաջորդում են 19-րդ դարի վերաբնակիչների օրորոցաձև և հարթ տապանաքարերը՝ պատկերազարդված կենցաղային տեսարաններով ու գործիքների նկարներով։

Վերաբնակեցված հայերը գյուղատեղիիում  կառուցել են հայկական ավանդական գլխատներ՝ հողածածկ տանիքներով, որոնք հենված էին փայտե սյուների վրա։ Այսօր պահպանվել են միայն այդ տների քարե հիմքերը, որոնք կազմում են փողոցների նմանվող շարքեր։

Սևահողի նման բարձրադիր գյուղերի համար կենսական էր ջուրը։ Գյուղի մոտակայքում կան բնական աղբյուրներ, որոնց շուրջն էլ ձևավորվել է բնակավայրը։ Հնում գործել են նաև կավե խողովակներով ջրագծեր, որոնք ջուրը հասցրել են մինչև տների մոտ։

Գյուղատեղին գտնվում է մի բարձունքի վրա, որտեղից տեսանելի են Խոսրովի արգելոցի սահմանները, Աղջոց վանքը (մոտ 7-8 կմ հեռավորության վրա), Կաքավաբերդը (ավելի բարձրադիր գոտում):

Գյուղատեղին ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Տեղակայումը. Գտնվում է Արարատի մարզի Վանաշեն համայնքից մոտ 3 կմ հեռավորության վրա:

Կոորդինատները. 39.9575° N, 44.7558° E

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության