Արարատի մարզի պատմական հարստությունների շարքում իր ուրույն տեղն ունի Ներքին Դվին գյուղում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, որը տարածաշրջանի ուշագրավ հոգևոր և ճարտարապետական կոթողներից մեկն է։

Այս սրբավայրը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ 1885-1888 թվականներին, ինչի մասին փաստում է մուտքի բարավորին պահպանված հստակ արձանագրությունը։
Եկեղեցին կառուցվել է տեղի հայ համայնքի ջանքերով։

Ճարտարապետական տեսանկյունից Սուրբ Հակոբը ներկայացնում է եռանավ բազիլիկի տիպիկ օրինակ՝ կառուցված սրբատաշ և կոպտատաշ քարերի համադրությամբ, ինչը կառույցին հաղորդում է ամրություն և զուսպ վեհություն։

Շինության արտաքին պատերի մեջ ագուցված են տարբեր ժամանակաշրջանների խաչքարեր և քանդակազարդ բեկորներ, որոնք ոչ միայն հարստացնում են եկեղեցու տեսքը, այլև վկայում են տարածքում առկա ավելի հին քրիստոնեական շերտերի մասին։
Եկեղեցու ներքին տարածքն առանձնանում է իր պարզությամբ, որտեղ տանիքը հենված է փայտյա սյուների վրա՝ պահպանելով գյուղական եկեղեցաշինության ավանդական շունչը։

Խորհրդային տարիներին, ինչպես շատ այլ սրբավայրեր, Սուրբ Հակոբը զրկված է եղել հոգևոր գործունեությունից և ծառայել է որպես տնտեսական պահեստ, սակայն անկախությունից հետո այն վերանորոգվել և վերադարձվել է հավատացյալներին։
Այսօր այն գործող եկեղեցի է և պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձան։
Եկեղեցին գտնվում է Ներքին Դվին գյուղի կենտրոնական մասում։
Կոորդինատներ . 40.005574°N 44.526224°E
Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության