news-details
Արարատյան Պատմություններ

Ճանաչենք Արարատի մարզի հսկաներին - Հայկ Մարտիրոսյան. Հայկական շախմատի «Բլիցի արքան»

Հայկ Մարտիրոսյանը հայկական շախմատի «ոսկե սերնդի» ամենավառ ներկայացուցիչն է,ում անունն այսօր դասվում է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների շարքին։

Հայկը ծնվել է 2000 թվականի հուլիսի 14-ին Արարատի մարզի Բյուրավան գյուղում։ Շախմատով սկսել է զբաղվել վաղ տարիքից և անմիջապես աչքի է ընկել իր բնատուր տաղանդով։ Նրա առաջընթացը շատ արագ էր. նա հաղթում էր գրեթե բոլոր տեղական պատանեկան մրցաշարերում՝ աստիճանաբար անցնելով միջազգային հարթակ։

Հայկի կարիերայի կարևորագույն էտապները կապված են պատանեկան հաջողությունների հետ.

2011 թ.-ին դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն։

2012թ.-ին  կրկին նվաճել է Եվրոպայի պատանեկան չեմպիոնի տիտղոսը։​

2016թ.-ը նրա կարիերայի «աստեղային» տարին էր. Խանտի Մանսիյսկում նա հռչակվեց մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Այս հաղթանակը հաստատեց, որ նա պատրաստ է մեծ շախմատին։​

2017թ.-ին`17 տարեկան հասակում նա լրացրեց գրոսմայստերական բոլոր նորմաները և պաշտոնապես ստացավ կոչումը։

2018 թվականը շրջադարձային էր Հայկի համար.

Ընդամենը 17-18 տարեկանում նա հաղթեց Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունում՝ առաջ անցնելով շատ փորձառու գրոսմայստերներից` հռչակվելով Հայաստանի չեմպիոն, և  հաղթանակից հետո դարձավ Հայաստանի հավաքականի հիմնական անդամներից մեկը։

2022 թ. - ին Հնդկաստանի Չեննայ քաղաքում կայացած 44-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայկը փայլուն հանդես եկավ 2-րդ խաղատախտակի վրա։

Նրա կայուն խաղը մեծ դեր խաղաց Հայաստանի հավաքականի՝ արծաթե մեդալ նվաճելու գործում։

Հայկը հայտնի է իր կայծակնային արագությամբ կողմնորոշվելու ունակությամբ։

2021 թ. - ին Սոչիում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայկը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ Շահրիար Մամեդյարովի նկատմամբ և հասավ մինչև 1/8 եզրափակիչ։

Հատկապես տպավորիչ էր նրա ելույթը 2025 թվականի վերջին Դոհայում կայացած Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում, որտեղ Հայկը հերթական անգամ ցնցեց շախմատային աշխարհը՝ հաղթելով աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կարլսենին։

Այս հաղթանակը ևս մեկ անգամ ընդգծեց նրա բացառիկ տաղանդը արագ վերահսկողությամբ խաղերում, որտեղ նա համարվում է աշխարհի ամենավտանգավոր մրցակիցներից մեկը։

2026 թվականի սկզբին նա արդեն հասցրել է հաղթանակ տոնել Տալլինում կայացած Պաուլ Կերեսի հիշատակին նվիրված արագ շախմատի միջազգային մրցաշարում՝ վաստակելով 8.5 միավոր 11-ից։

Հայկը պարբերաբար տեղ է զբաղեցնում աշխարհի Թոփ-10 կամ Թոփ-20 ուժեղագույն բլիցիստների ցանկում։

​Հայկ Մարտիրոսյանը հատկապես հայտնի է որպես «կայծակնային» (բլից) շախմատի վարպետ։

նրա ինտուիցիան և ժամանակի սղության պայմաններում արագ կողմնորոշվելու ունակությունը թույլ են տալիս նրան պարբերաբար հաղթանակներ տոնել աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կարլսենի և այլ գերհզոր վարպետների նկատմամբ առցանց և դեմ առ դեմ մրցաշարերում։

Նրա խաղաոճը բնութագրվում է որպես չափազանց ագրեսիվ, դինամիկ և մարտական. նա գրեթե երբեք չի համաձայնում ոչ-ոքիի առանց լուրջ պայքարի և միշտ ձգտում է բարդացնել դիրքը՝ ստիպելով մրցակցին սխալվել։

Այսօր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար շախմատիստներից մեկը, ում վարկանիշը դասական շախմատում տատանվում է 2700-ի սահմանագծին (ինչը համարվում է «սուպերգրոսմայստերական» շեմ)։

Հայկի նպատակասլացությունը, սառնասրտությունն ու անկանխատեսելի խաղաոճը հիմք են տալիս հավատալու, որ նրա կարիերայի ամենամեծ բարձունքները դեռ առջևում են, և նա դեռ երկար ժամանակ կշարունակի բարձր պահել Հայաստանի անունը համաշխարհային շախմատային քարտեզի վրա։