news-details
Արարատյան Պատմություններ

Արարատյան պատմություններ- Զանգակատուն

Զանգակատունը գյուղ է Հայաստանի Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, որը գտնվում է մարզկենտրոն Արտաշատից 55 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 90 կմ հեռավորության վրա։

Այն տեղակայված է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա։

Պատմականորեն բնակավայրն ունեցել է Չանախչի, Չանախչի ներքին, Դաշտամեջ և Սովետաշեն անվանումները։

1948 թվականից այն պաշտոնապես կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թվականին, ի հիշատակ հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն։

​Այս բնակավայրն աշխարհին ու հայությանը հայտնի է նախևառաջ որպես Պարույր Սևակի ծննդավայր։

Հենց այստեղ է գտնվում նրա տուն-թանգարանը, որն ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկների, գրականության սիրահարների և մտավորականների է հյուրընկալում։

Բանաստեղծի ներկայությունն ու շունչը մինչ օրս զգացվում են գյուղում․ նա թաղված է իր իսկ առանձնատան բակում։

Բացի սևակյան ժառանգությունից, Զանգակատունը հայտնի է նաև իր հնամենի պատմական հուշարձաններով ու հարուստ անցյալով, որոնցից ամենանշանավորը գյուղի տարածքից հայտնաբերված 5-րդ դարի խաչքարն է՝ մինչ օրս հայտնաբերված ամենահին խաչքարն ամբողջ աշխարհում։

​Գյուղի բնակիչները՝ զանգակատունցիները, աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և հողին ու մշակույթին կապվածությամբ։ Լինելով ստեղծագործական մեծ լիցքեր ունեցող հողի զավակներ՝ տեղացիները մեծ հարգանքով ու ակնածանքով են վերաբերվում գրին, գրականությանն ու պատմական հիշողությանը։

Միևնույն ժամանակ, նրանք տոկուն ու համառ աշխատավորներ են, ովքեր, չնայած լեռնային բարդ կլիմայական պայմաններին ու հաճախակի չորային տարիներին, կարողանում են շենացնել իրենց հայրենի հողը, հիմնել փարթամ այգիներ և պահպանել նախնիների ավանդույթները։ 

Բնակավայրը  հին պատմություն ունի։ Գյուղի հյուսիս-արևմտյան մասում, բարձրադիր բլրի վրա գտնվող գերեզմանատանը գերակշռում են տարբեր չափերի անմշակ գերեզմանաքարեր, հանդիպում են նաև մշակված խաչքարագանդակներով, ծաղկաքանդակներով ու մարդկային ուրվագծերով տապանաքարեր։

Այստեղ կան նաև մի քանի խաչքարեր, որոնք 1940 թվականին բերվել են մոտակա Հորթուն բնակավայրից, որտեղ գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցին։

Զանգակատուն գյուղից հարավ, Գնուտի լեռների լանջերին, պահպանվել են Պարսատիկ, Սմբուլ և Քարաղբյուր գյուղատեղիների հետքերը՝ իրենց գերեզմանաքարերով ու խաչքարերով, որոնցից մեկի վրա գրված է․ «Այս է տապան Մայր Խաթունի»։

​Աշխարհագրական դիրքի տեսանկյունից գյուղը տեղադրված է Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի ձախ ափին՝ Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին։

Այն ծովի մակարդակից ունի մոտ 1650 մետր բարձրություն, իսկ նրա վարչական տարածքը ներառում է ծովի մակերևույթից 1400 մ-ից մինչև 2947 մ բարձրության վրա գտնվող բազմաթիվ լեռներ ու բարձրունքներ։

​Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ և հաստատուն ձնածածկույթով, իսկ ամառը՝ տաք և համեմատաբար խոնավ։

Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 °C, իսկ հուլիսյան միջինը՝ +20-ից +30 °C է։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից տարածքն ընկած է մասնակի ոռոգման գոտում, տեղումների միջին քանակը 400–600 մմ է, և հաճախակի են չորային ու երաշտի տարիները։

Ոռոգման նպատակով գյուղի թիկունքում՝ «Հորթուն» կոչվող տարածքում, կառուցվել է 2 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար։

​Համայնքի տնտեսության մասնագիտացման հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, իսկ բնակչության գլխավոր զբաղմունքը՝ անասնապահությունն ու այգեգործությունը։

Գյուղում շատ են խնձորի, տանձի և ընկուզենու այգիները, մշակում են նաև ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։

​Զանգակատուն գյուղի աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°48′34″N 45°03′04″E։