news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը-Տափերականի պատմական հուշարձանները

Արարատի մարզի Տափերական համայնքը հարուստ է պատմամշակութային արժեքավոր կոթողներով, որոնք արտացոլում են ինչպես հայրենական, այնպես էլ համաշխարհային պատմության կարևորագույն էջերը։

 Գյուղում գտնվող երկու նշանավոր հուշարձաններից են Երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշաղբյուրը։

Այն կառուցվել է պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 1946 թվականին։

Հուշարձանն աչքի է ընկնում հայկական ավանդական ճարտարապետական ոճով՝ կամարակապ սրահով և սրբատաշ կարմիր տուֆի կիրառմամբ, որի կենտրոնական մասից բխում է սառնորակ ջուրը։

Կառույցի թևերը ձևավորված են նրբագեղ սյունաշարերով, իսկ ճակատային մասում փորագրված է հիշատակի արձանագրությունը։

Այս հուշաղբյուրը ոչ միայն հարգանքի տուրք է զոհվածների հիշատակին, այլև յուրօրինակ հանդիպման ու խոնարհման վայր համայնքի բնակիչների համար։

​Երկրորդ կարևոր պատմական կոթողը Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան-աղբյուրն է, որը կանգնեցվել է 1968 թվականին։

 

Այն իրենից ներկայացնում է վերասլաց, աստիճանաձև կառուցվածքով տուֆակերտ կոթող, որի ստորոտում տեղադրված է կիսաշրջանաձև կամարով ձևավորված ջրավազան։

Նրա վրա առկա են խորհրդային ժամանակաշրջանի խորհրդանիշերն ու հոբելյանական արձանագրությունները, որոնք պատմական որոշակի ժամանակաշրջանի շունչն ու գաղափարախոսությունն են փոխանցում հաջորդ սերունդներին։

​Այս երկու կառույցներն էլ այսօր գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում։ Տարածքային համակարգող Ա․ Դալլաքյանի և հուշարձանների պահապան Ս․ Մանուկյանի ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ հուշարձանների հարակից տարածքները պահվում են մաքուր, բարեկարգ և պատշաճ տեսքով՝ պատրաստ ընդունելու յուրաքանչյուր այցելուի, ով ցանկանում է ծանոթանալ Տափերականի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։

Տեղակայումը. Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Տափերական համայնք, կենտրոնական մաս։

Կոորդինատները՝ 39.9234, 44.6205

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության