news-details
Արարատյան Պատմություններ

Ճանաչենք Արարատի մարզի հսկաներին - Երջանիկ Ավետիսյան. Հայկական հրաձգության լեգենդը

Երջանիկ Ավետիսյանը հայկական և համաշխարհային հրաձգության ամենավառ անհատականություններից է, ում մարզական կենսագրությունը հարուստ է թե՛ փառահեղ հաղթանակներով, թե՛ կամային բարդ որոշումներով։

Նա ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 7-ին Հայկական ԽՍՀ Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղում, որտեղ էլ դրվել են նրա ապագա հաջողությունների հիմքերը։

Ստենդային հրաձգության, մասնավորապես՝ կլոր ստենդ (սկիտ) ձևի գաղտնիքներին նա սկսել է տիրապետել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Գոռ Բարսեղյանի ղեկավարությամբ, ով հետագայում դարձավ ոչ միայն նրա մշտական մարզիչը, այլև կյանքի ընկերը։

Միջազգային հարթակում մարզուհու առաջին խոշոր հաջողությունը գրանցվել է 1992 թվականին Ստամբուլում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ նա նվաճեց ոսկե մեդալներ ինչպես անհատական, այնպես էլ ԱՊՀ միավորված թիմի կազմում։

1993-1994 թվականներին Ավետիսյանը հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, սակայն 1995 թվականից սկսած նա սկսել է ներկայացնել Ռուսաստանի Դաշնությունը։

​Ռուսաստանի հավաքականի կազմում նրա կարիերան հասավ նոր բարձունքների․

1999 թվականին Տամպերեում նա նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը թե՛ անհատական և թե՛ թիմային մրցումներում։

2000 թվականին, երբ կանանց կլոր ստենդի մրցումներն առաջին անգամ ընդգրկվեցին Օլիմպիական խաղերի ծրագրում, նա մասնակցեց Սիդնեյի խաղերին՝ զբաղեցնելով պատվավոր 6-րդ հորիզոնականը։

Մարզուհու տոկունության լավագույն ապացույցը եղավ 2006 թվականը, երբ երրորդ երեխայի ծննդից հետո կարճ դադարից հետո նա վերադարձավ մեծ սպորտ և երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ միաժամանակ սահմանելով Ռուսաստանի ռեկորդ և կրկնելով համաշխարհային ռեկորդը։

Չնայած այս տպավորիչ ցուցանիշներին, 2008 թվականին Ռուսաստանի մարզչական շտաբը նրան չընդգրկեց Պեկինի Օլիմպիական խաղերի մեկնողների կազմում, ինչը շրջադարձային եղավ նրա համար։

Երջանիկ Ավետիսյանը որոշեց վերադառնալ հայրենիք և կրկին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

​Այս վերադարձը հեշտ չէր, քանի որ Ռուսաստանի հրաձգային միության համաձայնությունը չստանալու պատճառով նա ստիպված եղավ երկու տարի անցկացնել «կարանտինի» մեջ՝ զրկված լինելով միջազգային մրցույթների մասնակցելու իրավունքից։

Մրցակցային պրակտիկայի բացակայությունը թույլ չտվեց նրան վաստակել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն նա չընկրկեց և արդեն 2012 թվականին Լառնակայում կայացած Եվրոպայի առաջնությունում կրկին ապացուցեց իր բարձր կարգը՝ նվաճելով ոսկե մեդալ։

 Նրա անցած ուղին մնում է որպես հավատարմության, հայրենասիրության և անկոտրում կամքի օրինակ հայկական սպորտի պատմության մեջ։