news-details
Արարատյան Պատմություններ

Ճանաչենք Արարատի մարզի հսկաներին - Սուսաննա Սաֆարյան. Հայ երգի ու հայկական օրորների նվիրյալը

Սուսաննա Ամբիկի Սաֆարյանը հայ երգարվեստի երախտավորներից է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ում ստեղծագործական ուղին սերտորեն կապված է հայ ժողովրդական և աշուղական երաժշտության պահպանմանն ու տարածմանը:

Նա ծնվել է 1955 թվականի հուլիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում:

Նրա երաժշտական կրթությունը սկիզբ է առել Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանի վոկալ բաժնում՝ Վերգինե Հովհաննիսյանի դասարանում, որից հետո 1987 թվականին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնում՝ հմտանալով անվանի արվեստագետ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ:

Հետագայում նաև ավարտել է ասպիրանտուրան, որտեղ որպես հետազոտական թեմա ընտրել է հայկական օրորների ուսումնասիրությունը՝ գիտականորեն խորանալով մայրական քնարերգության շերտերում:

​Սուսաննա Սաֆարյանի մասնագիտական գործունեությունը լի է նշանակալի հանգրվաններով. դեռ 1976 թվականից նա որպես մենակատար աշխատել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում:

1990 թվականին միացել է Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին, իսկ 1995 թվականից իր ուրույն տեղն է գրավել «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլում:

Նրա կատարողական արվեստը հարուստ է և բազմաշերտ, ինչը դրսևորվել է ռադիոյով և հեռուստատեսությամբ ներկայացված այնպիսի համերգաշարերում, ինչպիսիք են «Պանդխտության երգերը», «Հույզի մեղեդին», «Հավերժող կրակը», «Հայկական օրորները» և «Մայրս» ծրագրերը:

​Բացի բեմական գործունեությունից, երգչուհին մեծ ավանդ ունի երգահավաքչության ասպարեզում:

Նա հայտնաբերել և գրի է առել բազմաթիվ մոռացված կամ քիչ հայտնի երգեր, որոնք հետագայում մշակվել և ձայնագրվել են «Գանձեր» համույթի, ինչպես նաև Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի և պետական նվագախմբի կողմից:

Սուսաննա Սաֆարյանը նաև հեղինակում է բանաստեղծություններ և երգեր, որոնք պարբերաբար ընդգրկվում են նրա համերգային ծրագրերում:

Նրա ձայնը հնչել է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ավստրալիայում, Սիրիայում, Իրաքում, Ռումինիայում, Հորդանանում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, ինչպես նաև աֆրիկյան Գվինեայում և Սենեգալում:

​Երկարամյա բեղմնավոր գործունեության և հայ մշակույթին մատուցած ծառայությունների համար նա արժանացել է բազմաթիվ պատվավոր պարգևների, այդ թվում՝ ՀԼԿԵՄ դափնեկրի կոչման և Սայաթ-Նովայի անվան մրցույթի առաջին մրցանակին:

2008 թվականին նրան շնորհվել է  Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը:

Այսօր նա նաև իր փորձն է փոխանցում սերունդներին՝ որպես դասախոս աշխատելով Երևանի պետական կոնսերվատորիայում: