Մոշաղբյուրի Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության 14-րդ դարի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկն է:
Այն հայտնի է նաև «Սպիտակավոր» անվամբ և Օրբելյան ու Պռոշյան իշխանական տոհմերի փառահեղ անցյալի վկան է։
Վանքի գլխավոր կառույցը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1301թ.։Պատվիրատուն եղել է Օրբելյան Տարսայիճ իշխանի որդի Ջալալ իշխանի կինը՝ Գոնցան:
Եկեղեցու հարավային պատի վիմագիր արձանագրության համաձայն՝ կառուցողը Բուտն է:
Արևմտյան շքամուտքի բարձրարվեստ քանդակների հեղինակը Սարգիս վարդապետ նկարիչն է:
Հովհաննու Սուրբ Կարապետը եղել է ինքնաբավ և հզոր հոգևոր-տնտեսական կենտրոն:
Այն ներառում է կենտրոնական գմբեթավոր կառույցը`Սուրբ Աստվածածինը, եկեղեցուն հարավ-արևմուտքից կից դամբարանատունը և զանգակատունը, միաբանության բնակելի տարածքները, ջրմուղը և ջրավազանները:

Ամբողջ համալիրը շրջապատված է եղել պարսպով:
Համալիրի մաս է կազմում նաև հին գերեզմանոցը:
Համալիրն առանձնանում է իր բացառիկ դեկորատիվ հարդարանքով:
Արևմտյան մուտքի բարավորն ու դրա վերնամասը զարդարված են նուրբ և խորը քանդակներով: Եկեղեցու ներսում, մի մեծ քարի վրա, պատկերված է իշխանական տան զինանշանը՝ թևատարած արծիվը, որը ճանկերում բռնել է խոյ: Կառուցված է սրբատաշ քարից, որն ունի բնորոշ ջերմ, բաց երանգ։
Այսօր վանական համալիրը գտնվում է կիսավեր վիճակում: Եկեղեցու հիմնական կառույցը կանգուն է, պահպանվել է գմբեթի թմբուկն ու վեղարը՝ վերևում խաչով: Զանգակատունը, դամբարանատունը և միաբանության սենյակները մեծամասամբ փլուզված են: Տարածքը քարքարոտ է, շրջապատված լեռներով և չոր բուսականությամբ, ինչը հուշարձանին հաղորդում է վեհաշուք ու խորհրդավոր տեսք:
Մոշաղբյուրի Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը ոչ միայն աղոթատուն է, այլև միջնադարյան Հայաստանի իշխանական տոհմերի փառքի, հայ քանդակագործության և ինժեներական մտքի կենդանի հուշարձան:
Վանական համալիրը գտնվում է Մոշաղբյուր գյուղատեղիից մոտ 1 կմ հյուսիս-արևելք`փոքրիկ ձորակի եզրին, Ուրծի լեռների հյուսիսային լանջին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում:
Կոորդինատներ: 39.9144°N, 44.9294°E
Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային վարչության ֆեյսբուքյան էջից։