news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Սուրբ Թադևոս Առաքյալի մատուռ. Մասիսի հնամենի սրբավայրն ու 16-րդ դարի գանձը

Արարատի մարզի Մասիս քաղաքը, լինելով Հայաստանի կարևոր հանգույցներից մեկը, իր մեջ պահպանում է հոգևոր խորը շերտեր։

Քաղաքի ամենանվիրական և պատմականորեն հարուստ վայրերից մեկը Սուրբ Թադևոս առաքյալի մատուռն է։ Այն տեղի բնակչության հավատքի խորհրդանիշը և միջնադարյան հայկական մշակույթի կենդանի վկան է։

Մատուռն անվանակոչված է ի պատիվ Սուրբ Թադևոս առաքյալի, ով 1-ին դարում Սուրբ Բարդուղիմեոսի հետ միասին քրիստոնեությունը բերեց Հայաստան՝ հիմք դնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

​Թեև մատուռի ներկայիս շինությունը վերակառուցվել է տարիների ընթացքում, այն հիմնված է հնագույն սրբավայրի տեղում։ Դարեր շարունակ այս տարածքը  եղել է ուխտատեղի, որտեղ մարդիկ եկել են հայցելու առաքյալի բարեխոսությունը։

​Մատուռը ներկայացնում է հայկական հոգևոր կառույցներին բնորոշ զուսպ և ամուր ոճը։

Միանավ, փոքրածավալ բազիլիկ տիպի շինություն է։ Մատուռի ներսը պարզ է, ինչը նպաստում է աղոթական մթնոլորտին։

Խորանը զարդարված է Սուրբ Թադևոսի և այլ սրբերի պատկերներով։

Փոքր և նեղ լուսամուտները ստեղծում են լույսի ու ստվերի խաղ, որը բնորոշ է միջնադարյան հայկական աղոթատեղիներին։

​Մատուռի ներսում պահվող ամենաարժեքավոր նմուշը 1542 թվականին (հայկական տոմարով՝ ՌՂԱ) թվագրվող խաչքարն է։

Խաչքարը պատկանում է ուշ միջնադարյան քարգործական դպրոցին։ Կենտրոնական խաչի շուրջ առկա են բուսական և երկրաչափական նուրբ քանդակներ։ Խաչի հիմքում պատկերված է հավերժության խորհրդանիշը՝ վարդյակը։

Այս խաչքարը կարևորագույն ապացույց է, որ 16-րդ դարի կեսերին, չնայած քաղաքական ծանր պայմաններին, Մասիսի տարածքում եղել է հայկական հոգևոր ներկայություն և բարձր զարգացած մշակույթ։

Յուրաքանչյուր տարի, երբ Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Թադևոս և Սուրբ Սանդուխտ կույսի տոնը, մատուռը դառնում է հարյուրավոր ուխտավորների հանդիպման վայր։ Տեղացիները հավատում են մատուռի և հատկապես հին խաչքարի զորությանը՝ համարելով այն հիվանդությունների բժշկության և ընտանեկան խաղաղության պահպանման ։

Մատուռը գտնվում է Մասիս քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ քաղաքային հին գերեզմանատան տարածքում, որն ինքնին բացօթյա թանգարան է՝ տարբեր դարաշրջանների տապանաքարերով։

Կոորդինատներ. 40.065200° N,44.436100° E

Լուսանկարները` Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության ֆեյսբուքյան էջից