news-details
Արարատյան Պատմություններ

Ճանաչենք Արարատի մարզի հսկաներին - Գուսան Հայկազուն. Ժամանակակից հայ ֆիդայական երգի լեգենդը

Գուսան Հայկազունը (իսկական անունը՝ Գագիկ Ստեփանի Նազարյան) ժամանակակից հայ գուսանական և հայրենասիրական երգարվեստի ամենաազդեցիկ դեմքերից է։ Նրա ստեղծագործությունները վաղուց դադարել են լոկ երգ լինելուց՝ վերածվելով ազգային-ազատագրական պայքարի և միասնության խորհրդանիշների։

Գագիկ Նազարյանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 20-ին, Արարատի մարզի  Արտաշատ քաղաքում։ Նրա նախնիները գաղթել են Պարսկահայաստանից (Խոյ-Սալմաստ հատվածից)։

Արդեն դպրոցական տարիներին սկսել է գրել հայրենասիրական և սիրային երգեր։ Ըստ գուսանի, Րաֆֆի Հարությունյան անունով դասատուի շնորհիվ է նաև, որ նա սկսեց հայրենասիրական երգեր գրել։

Ավարտել է դպրոցը 1967 թվականին, ինչից հետո ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկումը։ Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։

Երիտասարդ տարիներին ոգեշնչվում էր Հովհաննես Շիրազի բանաստեղծություններով։

Գուսան Հայկազունն այն արվեստագետներից է, ով իր գրած տողերը վավերացրել է սեփական արյունով և քրտինքով։

Մասնակցել է Արցախյան պատերազմին Արտաշատի  «Երկրապահ» ջոկատում Լաերտ Սաղաթելյանի  հրամանատարության ներքո։

Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում։

Ծանր մարտերում չի մասնակցել, քանի որ իր հրամանատարը նախընտրել է, որ գուսանը շարունակի նոր երգեր գրել։ 

Գրել և կատարում է ավելի քան հարյուր երգ, որոնցից  10-ից ավելը ՀՀ Պաշտպանության Նախարարությունը ընդունել է որպես բանակային քայլերգ։ 

Շատ երգեր գրել է անմիջապես մարտի դաշտում։ 

Ամենահայտնիներից է «Հայեր, միացեք» երգը, որը  դարձավ 1988-ի շարժման և հետագա տարիների համազգային միասնության օրհներգը։

Այս երգն առաջին անգամ կատարեց   1988 թվականի մայիսի 17-ին (իր դստեր ծնվելու օրը) Օպերայի հրապարակում։​

«Գետաշեն»երգը թերևս նրա ամենաազդեցիկ գործերից է։ Երգը գրվել է 1990-1991 թվականներին, երբ Գետաշենն ու Շահումյանը գտնվում էին օրհասական վիճակում։​

Գուսանը պատմում է, որ երգը գրել է Թաթուլ Կրպեյանի խնդրանքով։ Թաթուլն ասել էր. «Գուսան, մի երգ գրիր, որով մարդիկ  կռվի գնան»։​

Երգը ոչ միայն զինվորական քայլերգ էր, այլև աղերս ու ուխտ՝ չլքելու հայրենի հողը։ Այն դարձավ Գետաշենի ինքնապաշտպանության խորհրդանիշը։​

«Պիտի գնանք» երգը գուսան Հայկազունի համար ամենասիրվածն է իր երգերից, որը կարծես հայ դատի և արդարության վերականգնման հավատամքն է։ ​

«Հպարտ գնացեք» երգը  ձոն է ՝ նվիրված հայ ֆիդայիներին և նրանց անձնազոհությանը։

Գուսան Հայկազունը հիմնադրել է «Հայկազունք» երգի-պարի համույթը։ Նրանց նպատակն է մաքրել հայկական երաժշտությունը օտարամուտ (արաբա-թուրքական) ազդեցություններից, պահպանել և երիտասարդությանը փոխանցել ազգային ռազմապարերը (Յարխուշտա, Քոչարի), կենդանի կատարումներով հանդես գալ զորամասերում և դպրոցներում։

Իր մշակութային և հայրենասիրական գործունեության համար նա արժանացել է.​ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը, ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալի և շնորհակալագրի,իսկ 2020 թ.-ին` Երախտագիտության մեդալի։

Եվ թող բոլորի ականջներում հնչի մեր գուսանի պատգամը. 

«Մենք պարտավոր ենք ճանաչել մեր պատմությունը և մեր զավակներին դաստիարակել հաղթողի հոգեբանությամբ։ Երգը պետք է լինի ոչ թե լացի, այլ պայքարի միջոց»։